• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Նորություններ
  • "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ | 15 Դեկտեմբեր,  2017 Բացվել է Մեղրի «Մեղրի ազատ տնտեսական գոտի»-ն

    Այսօր՝ դեկտեմբերի 15-ին բացվել է Մեղրի ազատ տնտեսական գոտին։ ԱՏԳ-ն նախատեսված է կառուցապատել 2 փուլով: Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար: Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային և այլ ծառայությունների համար։



    Լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարապետյանը նշել է, որ ԱՏԳ-ի հետ կապված կառավարության մտադրությունները լուրջ են: «Մեր մտադրությունները բավական լուրջ են, որովհետև վստահ ենք, որ այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում և այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ի, Եվրամիության, մեր հարևան Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առևտուրը, զբոսաշրջությունը, ակնկալվում է, որ իրանցի գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի դուրս գան և Եվրամիության, և ԵԱՏՄ շուկաներ: «Ակնկալում ենք նաև, որ մեր գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի Իրանում աշխատելու հնարավորություն ունենան: Վստահ եմ, որ ազատ տնտեսական գոտին ունի շատ լավ հեռանկարներ: Ուրախ ենք, որ այսօր հայտարարվում է ազատ տնտեսական գոտու ռեժիմը բացելու մասին, սակայն իսկական աշխատանքը հիմա է սկսվում»,- ընդգծել է նա:



    Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները։Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ։
    Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։ Բացի այդ, Մեղրու ազատ տնտեսական գոտին կնպաստի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլև Հայաստան օտարերկրյա կապիտալի ներհոսքին, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:
    Վարչապետ Կարապետյանի ներկայությամբ ստորագրվել են ազատ տնտեսական գոտու գործունեության առաջին փաստաթղթերը: Մասնավորապես, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր։ Այն ստորագրել են նախարար Սուրեն Կարայանը և Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը:



    Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի միջև: Փաստաթուղթը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը և «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արգամ Ջուլհակյանը: Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի միջև: Հուշագիրը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը և «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մուրադյանը: 
    Համագործակցության հուշագիր է կնքվել նաև «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության միջև, որը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը և առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։