• http://www.gov.am
  • http://www.cba.am
  • http://www.mineconomy.am
  • http://www.smednc.am
  • http://www.paap.am
  • http://www.fsm.am
  • http://uba.am/arbitration/?pageid=208
Նորություններ
  • Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա  | 26 Հուլիս,  2018
    Մեկնարկում է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագիրը

    ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանն այսօր հուշագրեր են ստորագրել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:
    «Ծրագիրը բաց է թե՛ ֆինանսական կառույցների, թե՛ մատակարարների համար: Շահառուներն իրենք են ընտրելու, թե որ երկրի արտադրության սարքավորում են ցանկանում գնել: Այս քայլով մենք խրախուսելու ենք նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը»,-նշել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: 
    Ագրոպարենային ոլորտի սարքավորումները շահառուներին կտրամադրվեն տարեկան 11% տոկոսադրույքով, որից 7%-ը պետությունը կսուբսիդավորի, արդյունքում լիզինգառուն կվճարի 4 %, մինչև 8 տարի մարման ժամկետով:
    «Շահառուի կողմից կվճարվի 20 տոկոս կանխավճար: Նաև ֆինանսական կազմակերպությունների հաշվին կիրականացվի լիզինգի առարկայի ապահովագրություն»,-նշել է Հրաչ Դարբինյանը:
    «Ծրագրում ընդգրկված կլինեն բոլոր սարքավորումները՝ սկսած ջերմոցներից, չորանոցներից, նաև սառնարաններ, վերամշակող ընկերությունների համար սարքավորումներ, անասնաբուծական սարքավորումներ, այսինքն՝ ողջ շղթան փակելու ենք: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի այս տարի շուրջ 4,3-ից 4,5 մլրդ դրամի կապիտալ ներդրում իրականացնել ագրոպարենային համակարգում»,-տեղեկացրել է Ռոբերտ Մակարյանը:
    Ծրագրով հետաքրքրված անձինք վաղվանից կարող են դիմել ֆինանսական կառույցներին: Արդեն կան անհատներ և կազմակերպություններ, որոնք ցանկություն են հայտնել սարքավորում ձեռք բերել ծրագրի շրջանակում:
    «Գործընթացն իրականում արվում էր շահառուների կողմից, բայց նրանք օգտվում էին բանկային վարկերից, որոնց տոկոսադրույքներն անհամեմատ բարձր էին: Այս պահին արդեն պետությունը միջամտում և օգնում է շահառուներին»,-ասել է Վահե Հարությունյանը:
    Ծրագրի իրականացման արդյունքում որոշակիորեն կբարձրանա ագրոպարենային ոլորտի տնտեսությունների նորագույն սարքավորումներով հագեցվածության մակարդակը, պայմաններ կստեղծվեն շահառուների կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար, նաև կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը և կաճեն գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները: Հնարավորություն կստեղծվի ագրոպարենային ոլորտի որոշ արտադրատեսակների ներկրումը փոխարինելու տեղական արտադրությամբ:
    Կնքված հուշագիրն առաջին քայլն է. ծրագիրը բաց է բոլոր կազմակերպություների համար: