Ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համագործակցության հուշագրեր են ստորագրվել
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը ստորագրել են Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:

Ծրագրերի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:
Պետության կողմից իրականացվելու է վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում: Շահառուները կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար կարող են ստանալ տարեկան 2, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար` 5 % տոկոսադրույքով վարկեր:
«Մեր ծրագրերին արդեն միացել է 8 ֆինանսական կառույց, ավելացել է նաև կապալառուների ցանկը` համալրվելով և՛ տեղական կազմակերպություններով, և՛ արտասահմանյան բավական մեծ փորձ ունեցող ընկերություններով», – նշել է նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:
Փոխնախարարի խոսքով` ծրագրերի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թե՛ գյուղացիական տնտեսությունները և թե՛ բանկային կառույցները:
«Պետության կողմից սուբսիդավորման արդյունքում շատ մատչելի ֆինանսական ռեսուրսներ կտրամադրվեն ծրագրերի ֆինանսավորման համար: Կանխատեսում ենք, որ պահանջարկը կլինի բավականին մեծ և արդյունավետ գյուղատնտեսության զարգացման համար», – իր հերթին նշել է «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը:
